Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Դոյչե Վելլեին»

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը «Դոյչե Վելլեին»
30.05.2018 | 22:45

Երկու շաբաթ առաջ Սոչիում կայացած՝ Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվել է նաև Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարման հարցը` ասել է Հայաստանի վարչապետը գերմանական «Դոյչե Վելլեին» հարցազրույցում, խուսափելով մանրամասնել՝ ինչպե՞ս է Կրեմլի ղեկավարն արձագանքել տարիներ շարունակ հայկական կողմին մտահոգող այդ խնդրին: «Չէի ուզենա ասել՝ ինչ պատասխանեց Վլադիմիր Պուտինը, կարող եմ միայն ասել, որ ես բարձրացրել եմ այդ հարցը և կարծում եմ, որ մենք կառուցողական քննարկում ունեցանք այդ առումով»,- ասել է Փաշինյանը: Նա պնդել է, որ Հայաստանում իշխանափոխությունը կապված էր միայն ներքին խնդիրների հետ, և իր կառավարությունը մտադիր չէ փոխել արտաքին քաղաքականության վեկտորը:


«Դուք, ի տարբերություն քաղաքացիական ցույցերի այլ առաջնորդների, շատ հաշտ եք տրամադրված Ռուսաստանի հանդեպ: Դա պրագմատի՞զմ է, հաշվի առելով, որ Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, թե՞ այլ բան է: Ինչո՞ւ եք այդքան բարեկամաբար արտահայտվում Ռուսաստանի առաջնորդների մասին»,- հետաքրքրվել է «Դոյչե Վելլեի» թղթակիցը: Փաշինյանն արձագանքել է՝ ես բոլորին եմ այդպես վերաբերվում: «Կարծում եմ՝ դուք որևէ ագրեսիա չեք նկատել, ասենք՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի, կամ այլ երկրների հանդեպ: Հայաստանը խաղաղասեր երկիր է: Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք և առաջնորդվում ենք մեր պետության շահերով»,- հավելել է Հայաստանի վարչապետը: Նա ԵԱՏՄ առաջնորդների հետ Սոչիում կայացած հանդիպման որոշ փակագծեր է բացել, պնդելով, թե Պուտինի, Լուկաշենկոյի ու Նազարբաևի հետ քննարկումները դրական տպավորություն են թողել իր վրա, անգամ մի փոքր զարմացրել են: «Շատ հաճելի մթնոլորտ էր, և մի փոքր էլ ինձ համար անակնկալ էր, որ զրույցների, քննարկումների ժամանակ ականատես դարձա թեժ, ժողովրդավարական կանոնների համապատասխան բանավեճերի: Կարծում եմ, որ այս փուլում մեր միջև հաստատվել են շատ լավ անձնական հարաբերություններ, և վստահ եմ, որ այդ հարաբերությունները ապագայում ավելի կբարելավվեն»,- ասել է Փաշինյանը:


Անդրադառնալով ԵՏՄ-ի հասցեին անցյալում հնչեցրած իր քննադատություններին, Փաշինյանը նշել է՝ այն ժամանակ, երբ Հայաստանը նոր էր անդամակցում ԵՏՄ-ին, ինքը մտավախություն ուներ, որ դա կխոչընդոտի Իրանի հետ տնտեսական հարաբերություններին: «Երեք օր առաջ, սակայն, ԵՏՄ-ի ու Իրանի միջև ազատ առևտրի մասին նոր պայամանգիր ստորագրվեց, և այն խնդիրները, որոնք խանգարում էին հայ-իրանական տնտեսական հարաբերությունների խորացմանը, այլևս կլուծվեն»,- պարզաբանել է ՀՀ վարչապետը:
Հայտնի է, որ Կրեմլը բավական նյարդային է արձագանքում հետխորհրդային երկրներում իշխանափոխություններին, բայց Հայաստանի դեպքում վերաբերմունքն ուրիշ էր, ինչու՞` հարցին Նիկոլ Փաշինյանը պատասխանել է․ «Կարծում եմ՝ յուրաքանչյուր երկիր ունի իր առանձնահատկությունները և կարծում եմ՝ Հայաստանի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ մենք սրտի թրթիռով ենք վերաբերվում մեր ինքնիշխանությանն և անկախությանը»:
Շաբաթներ առաջ իշխանության եկած Փաշինյանը խոսել է նաև ներքին խնդիրներից, փաստել, որ հայաստանյան օլիգարխներից շատերը դեմ են եղել իշխանափոխությանը: «Նրանք, սակայն, ոչինչ չկարողացան անել, քանի որ մենք ունեինք ժողովրդի աջակցությունը»,- ասել է վարչապետը, վստահեցնելով՝ քանի դեռ այդ աջակցությւոնը կա, բարեփոխումները կշարունակվեն: «Մենք մտադիր ենք երաշխավորել ժողովրդի իշխանությունը, այլ ոչ թե մի խումբ անձանց: Սրան որևէ մեկը չպետք է խանգարի: Եթե նման հարց ծագի, մենք անպայման դրան կարձագանքենք: Բացի այդ, մեր հեղափոխության ընթացքում օլիգարխները չկարողացան ազդել քաղաքական իրադրության վրա, քանի որ ժողովուրդն իր ձեռքը վերցրեց իշխանությունը և մտադիր չէ դրանից ետ կանգնել»,- ասել է Փաշինյանը:


Անդրադառնալով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջներին վերաբերող հարցին, Նիկոլ Փաշինյանն ասել է՝ կոռումպացված բոլոր պաշտոնյաները պետք է հեռանան: «Կարծում եմ՝ մեր խնդիրներն ի հայտ եկան այն պահից, երբ Հայաստանում սկսեցին կեղծել ընտրությունները»,- նշել է Հայաստանի նոր կառավարության ղեկավարը, ընդգծելով՝ ակնկալվող արտահերթ ընտրությունները պետք է լինեն վստահելի բոլորի համար: Նա խուսափել է հստակեցնել, թե ինչ մեխանիզմով են գործող խորհրդարանը ցրելու և նոր ընտրություններ անցկացնելու: «Թող դա ինտրիգ մնա»,- ասել է նա: «Հայաստանում երկար ժամանակ չեն եղել ընտրություններ, որոնց արդյունքներով ժողովուրդն իրեն հաղթած կզգար: Մեզ համար շատ կարևոր է կազմակերպել այնպիսի քվեարկություն, որ անկախ պաշտոնական արդյունքներից, քաղաքացիները վստահ լինեն՝ իրենք են հաղթել»,- հավելել է Նիկոլ Փաշինյանը:

Դիտվել է՝ 3073

Մեկնաբանություններ